Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիրի 12-րդ դասարանի երեք աշակերտներ՝ Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը, Աբրահամ Շահինյանը, դատաապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով. Մեսրոպ Գրիգորյանը՝ մեկ տարվա ազատազրկման, իսկ մյուս երկու անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման:
Պատճառը ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև ծագած վեճն ու ծեծկռտուքն է: Միջադեպը, որ տեղի էր ունեցել նախորդ տարի, կարծես ավարտվել էր կողմերի հաշտությամբ: Դատարանի անակնկալ որոշումը բողոքի ալիք է բարձրացրել:
Երեկ Կառավարության շենքի դիմաց ազատազրկման դատապարտված երեխաների ծնողները, հարազատները, համագյուղացիները բողոքի ցույց էին կազմակերպել:
Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն ԿԱՄՈ ԲԱԴԱԼՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ասաց, որ անելու է ամեն ինչ, որ հարցը դրական լուծում ունենա: «Ինձ համար կարևոր է, որ իմ ընտանիքում, շրջապատում, գյուղում լինի խաղաղ մթնոլորտ: Ես մտածում եմ իմ և իմ գյուղի պատվի մասին և հանուն դրա պատրաստ եմ ամեն ինչի: Տուժողն իմ դպրոցի ուսուցիչն է ու իմ եղբայրը, ծնողները նաև իմ դպրոցի ծնողներն են: Ճիշտ է նրանք, ինչպես խոսքն է ասում` շան տղա դուրս եկան, բայց վերջին հաշվով մեր գյուղի «շան տղերքն են»:
Անդրադառնալով մեր` «Ասում են, որ վեճը հրահրել է ձեր եղբայրը, ի՞նչ կասեք սրա մասին» հարցին` ասաց, որ դա միակողմանի տեսակետ է, իրականում երկու կողմերն էլ մեղավոր են :
-Ազատազրկումը այս դեպքում լավագույն ելքը չէ. երեխաները պետք է դպրոց հաճախեին, ոչ թե դատապարտվեին ազատազրկման: Ի՞նչ կասեք Դուք այս առումով:
-Ես ոչ միայն կասեմ, այլև ամեն ինչ արել եմ դրա համար: Եղբայրս դատարանում ասել է, որ բողոքներ չունի ու խնդրել է, օրենքի շրջանակում, հնարավորինս մեղմ վերաբերվել երեխաներին: Նրանք անարդար են մեզ հետ վարվում, սկսել են վարկաբեկել: Ձեռքները փրփուրից են գցում: Մինչ այդ ինձ կողմ էին, փառաբանում էին, մոտեցել են, խնդրել, հատուցել են ծախսերը: Այսօր հասկացել են, որ սա է տարբերակը:
Տնօրենը հավելեց, որ երեխաները հանցանք են կատարել, ինչի համար զղջացել են: Ինքն էլ խղճի մտոք եղբայրական զայրույթը մի կողմ է դրել, հաշվի առնելով, որ մի գյուղում են ապրում, իրար ննջեցյալի հետևից են գնում: «Նվազագույն պատիժ է սահմանվել: Ծնողները դրան էլ համամիտ չեն, ինձ են ասում` գնա նստի»,- եզրափակեց իր խոսքը զրուցակիցս: Հարկ համարեց տեղեկացնել, որ եղբայրը`Սևակ Բադալյանը, ստացել է գանգուղեղային սալջարդ, դեմքի 27 բազմաբեկորային կոտրվածք, կորցրել է 1-1,5 լիտր արյուն, ուշագնաց է եղել, ստացել է հարվածներ նաև ուշաթափված վիճակում: ՈՒ դա տեղի է ունցել տասը տարեկան երեխաների աչքի առաջ:
Թե դեպքերն ինչ ընթացք կստանան, պարզ կլինի առաջիկայում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ